Հունական SKY express ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աթենք-Երևան-Աթենք երթուղով՝ ամրապնդելով Հունաստանի և Հայաստանի միջև կապերը։ Աթենքի միջազգային օդանավակայանից դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան չվերթերն իրականացվում են շաբաթական երեք անգամ՝ ամեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ այս երթուղու գործարկումը Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական և գործնական կապերի զարգացման նոր հնարավորություն է։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին։ Հուսով ենք, որ սա մեր երկարամյա համագործակցության սկիզբն է՝ ուղևորներին առաջարկելով նոր ուղղություններ և ավելի մեծ ընտրանի»,- ասել է Ավետիսյանը։
SKY express ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Գերասիմոս Սկալտսասն ընդգծել է, որ այս երթուղին ոչ միայն բավարարում է դեպի Երևան ճամփորդելու աճող պահանջարկը, այլև կամրջում է երկու երկրների միջև մշակութային և տնտեսական կապերը։ «Մեր նպատակն է նպաստել Հայաստանի և Հունաստանի միջև ավելի սերտ կապերին՝ հրավիրելով Հայաստանից ժամանած ուղևորներին բացահայտելու Հունաստանի հարուստ մշակույթն ու գեղեցկությունը»,- նշել է Սկալտսասն։
Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆյանոպուլոսն իր խոսքում ընդգծել է այս նախաձեռնության կարևորությունը։ Նա նշել է, որ այս երթուղին նպաստելու է երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացմանը, առևտրի հնարավորությունների ընդլայնմանը և զբոսաշրջության աճին։ Դեսպանը նաև նշեց, որ Երևանի և Աթենքի օդանավակայանները կարող են դառնալ ճանապարհորդական հաբեր՝ կապելով այլ միջազգային ուղղությունները։
SKY express ավիաընկերությունը Հունաստանում ունի 33 ներքին ուղղություններից բաղկացած ամենամեծ ցանցը, ինչպես նաև 22 միջազգային ուղղություն։ Ավիատոմսերի մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ skyexpress.com, կամ դիմել տեղական տուրիստական գործակալություններին։