Այսօր՝ հունվարի 21–ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ դժգոհ է վարչական շրջանների կատարած ձնամաքրման աշխատանքներից։ Քաղաքապետը նշեց, որ մասնավոր տնտեսվարողները, որոնք պարտավոր են ձնամաքրման աշխատանքներ իրականացնել, բավարար տեղեկացված չեն իրենց պարտականությունների մասին։ Նա ընդգծեց, որ որոշ վարչական շրջաններ այս ընթացքում որևէ վարչական տուգանք չեն գրել, ինչը անհասկանալի է։ “Մենք ունենք վարչական շրջաններ, որոնք բացարձակապես որևէ վարչական տուգանք այս հոդվածով չեն գրել։ Դրանք չորս-հինգն են։ Եվ չկա դրան բացատրություն,”– ասաց նա։
Ավինյանը նաև խոսեց հատուկ աշխատակիցների մասին, որոնք պետք է ձնամաքրման աշխատանքներին մասնակցեին, սակայն նշված ժամանակահատվածում նրանք չեն աշխատել։ “Ես հատուկ շեշտել եմ, որ մենք ունենք ձյուն և պետք է աշխատենք 24/7 ռեժիմով,”– ավելացրեց նա։ Քաղաքապետը նաև նշեց, որ մոտ 300 աշխատակիցներ պետք է զբաղված լինեն վարչական խախտումների արձանագրությամբ, սակայն նրանց թվերը անհամեմատելի են այլ ոլորտների աշխատակիցների թվերի հետ։ “Մենք այստեղ ունենք լուրջ փոփոխությունների կարիք,”– եզրափակեց նա։
Նկատենք, որ դժգոհություն պետք է հայտնեն երևանցիները, իսկ քաղաքապետի գործառույթը քաղաքի վարչական կառավարումն է եւ խնդիրներին լուծում տալը, եթե կան թերացողներ՝ նրանց պատժելը։ Երևանի քաղաքապետն այնքան հեռու է կառավարումից, որ չի հասկանում, որ իր ենթակայության տակ գործող թերացող աշխատակիցներին ինքը պետք է վարչական պատասխանատվության ենթարկի, ոչ թե դժգոհի, թե ինչու այդ աշխատակիցները վարչական խախտումների արձանագրություններ չեն կազմել մինչ օրս։

