fbpx
Խորհրդարան

Գայանե Եղիազարյանն ստանձնել է պատգամավորական մանդատը

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված մի շարք նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 6 արձանագրությունը: Ըստ դրա՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Գայանե Եղիազարյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Գայանե Եղիազարյանն ԱԺ նիստում երդվել է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ 2016 թ. ի վեր Հայաստանում համայնքների խոշորացման գործընթաց է սկսվել, և առայսօր 908 բնակավայր խոշորացվել է՝ դառնալով 72 միավորված համայնք: Մասնագիտական վերլուծություններն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքների խոշորացումը տնտեսական, ֆինանսական, կազմակերպչական և այլ առումներով նպատակահարմար է: Վերոնշյալը նկատի ունենալով՝ Կառավարությունն առաջարկում է արդեն միավորված 13 համայնք կրկին միավորել և ունենալ 5 միավորված համայնք: Այս 13 համայնքը ներառում է 113 բնակավայր:

Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվեն միավորված համայնքներ. Արագածոտնի մարզում՝ Թալին համայնք, որն իր մեջ կմիավորի Թալին և Արագածավան համայնքները, Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակ համայնք, որը կներառի Ճամբարակը և Շողակաթը, Լոռու մարզում՝ Ալավերդի համայնք, որն իր մեջ կմիավորի Ալավերդին, Ախթալան, Օձունը և Շնողը, Լոռու մարզում՝ Տաշիր համայնք, որը կներառի Տաշիրը, Մեծավանը և Սարչապետը, Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնք, որը կներառի Սիսիանը և Գորայքը: Այս 13 համայնքը ներառում է 141 բնակավայր:

Փաթեթի ընդունման դեպքում Հայաստանում գոյություն ունեցող 79 համայնքի թիվը կկրճատվի՝ դառնալով 71, որից 64-ը կլինեն խոշորացված համայնք:

Գնել Սանոսյանը հայտնել է, որ խոշորացված համայնքներում փակվել է 1500 հաստիք, սակայն բացվել է 2200 այլ՝ անհրաժեշտ հաստիք:

Փաթեթին ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ