«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության և «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-13-ը Ստեփանակերտում կազմակերպվելու է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում» խորագրով գիտագործնական կոնֆերանս:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԵԳՄՄ հասարակական կազմակերպության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը` նշելով, որ Արցախում առաջին անգամ է նման թեմայով գիտաժողով կազմակերպվում:
Նրա խոսքով՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը՝ հասկանալու համար թե ինչ անելիքներ կան ոչ միայն հանքարդյունաբերության, այլև այլ ոլորտներում:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) այն բիզնես գործառույթն է, որը վերաբերում է ընկերությանն առնչվող տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրներին։ ԿՍՊ-ի նպատակն է գտնել նման խնդիրների լուծումներ, որոնք շահավետ կլինեն և՛ ընկերության, և՛ հասարակության, և՛ պետության համար։