ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհրդի նիստը: Քննարկմանն էր ներկայացվել Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալուց առաջ նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է ոլորտի ընդհանուր խնդիրներից՝ նշելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներն ուշացած են. «Թե՛ օրենսդրական, թե՛ անձի կարիքի գնահատմանն ուղղված գործընթացներում լուրջ անելիքներ ունենք: Ոլորտն այս պահին կարգավորվում է «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որն 1993 թվականից չի վերանայվել: Հաշմանդամություն ունեցող անձը դիտարկվում է որպես պարզապես աջակցության կարիք ունեցող, ում համար օրենսդրությամբ նախատեսված արտոնությունների փաթեթը որակապես չի փոխում նրա կյանքը, նրան չի դարձնում հասարակությունում ներառման գործընթացի մասնակից և լիարժեք անդամ: Պետք է վերանայել գործող ընթացակարգերը, իրականացնել անձի կարիքի օբյեկտիվ գնահատում և նրան տրամադրել համապատասխան ծառայություններ»,- շեշտել է նախարարը:
Նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելը: Նա խոսել է մոդելի գաղափարախոսության, նպատակի, ներդրման փոփոխությունների և ակնկալիքների մասին: Ներկայացրել է նաև մոդելի գնահատման գործիքները, որակիչներն ու գործընթացը:
Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների բազմակողմանի գնահատման և համապատասխան ծառայությունների տրամադրման մոդելի ներդրմամբ կբարձրանա հաշմանդամության գնահատման գործընթացի օբյեկտիվությունը, կստեղծվեն ներառման առավել մեծ հնարավորություններ: Մոդելի հասցեական ու արդյունավետ ներդրումը կիրագործվի արդեն իսկ եղած սերտ միջգերատեսչական համագործակցության զարգացման շնորհիվ:
Նախարար Զարուհի Բաթոյանը ընթացիկ բարեփոխումների գործընթացում կարևորել է նաև միջազգային գործընկերների համագործակցությունը.
«Պետք է շնորհակալություն հայտնեմ Եվրոպական միության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության մեր գործընկերներին՝ այն աջակցության ու փորձառության, մեթոդական ուղեցույցների ու մասնագետների վերապատրաստման համար, որոնք իրականացվել են վերջին տարիներին: Կարևորելով միջազգային փորձի ուսումնասիրումը՝ մենք ստեղծել ենք անձի կարիքի գնահատման այն մոդելը, որն համապատասխանում է մեր երկրին ու իրականությանը»,- եզրափակել է Զարուհի Բաթոյանը:
Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական ծառայույան նախարարության պաշտոնական կայքից: