Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Հարգելի Աժ պատգամավորներ, երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու հավելվածի (app) օրինագիծը ընդունեցիք, լավ արեցիք, բայց մի փոքր անդրադարձ անենք եղած իրավիճակին: Իհարկե, ես բնավ չեմ կասկածում օրինագծի հեղինակների անկեղծ մղումների ու բարի ցանկությունների վրա, ոչ էլ թերագնահատում եմ հանրային վերահսկողության դերը, բայց մի բան չեմ կարող չասել` երբ պետական ապարատի որևէ օղակ կամ համակարգ թերանում է, այդ թերացման հետևանքով առաջացած բեռը հասարակության ուսերին թողնելը ամենահեշտ ճանապարհն է: Իսկ ստեղծված իրավիճակում թերացող օղակը ըստ իս՝ ոստիկանությունն է և ես կարծում եմ, որ հազարավոր քաղաքացիներ կիսում են այս կարծիքը:
Հիմա ինձ հետաքրքիր է՝ դեռ քանի app է պետք գործարկել, որ, օրինակ՝ մշտնջենական «մառախուղը» ցրվի Ֆրանսիայի հրապարակում մշտապես հերթապահող ՃՈ-ի համար և նրանք նկատեն իրենցից ընդամենը մի քանի մետր այն կողմ գտնվող կանգառներում տիրող քաոսը, որտեղ տաքսիստներն այնպիսի իրավիճակ են ստեղծել արդեն, որ առանց այն էլ որևէ նորմալ կարգավորում չունեցող հանրային տրանսպորտը չգիտի՝ որտեղ կանգնի: Ու սա դեռ կենտրոնում, Երևանի հենց սրտում, մյուս թաղամասերի ու արվարձանների մասին էլ չեմ խոսում:
Ինչպիսի՞ app պետք է գործարկվի, որ օրինակ, նախագահականի դիմաց հերթապահություն անող ոստիկանը` «ձիռքը ջուբումը քուլա, քուլա չտա…»:
Ի՞նչ app պետք է գործարկվի, որ կամուրջի վրա իբր հերթապահող ոստիկանը, այդ նույն կամուրջը քեֆը տված ժամանակ մեջտեղից լայնակի չհատի՝ «դե բա հո՞ չի գնալու անցումով անցնի, բա էդ ֆորմեն էլ խի՞ ա հագել…»:
Եվ այսպես շարունակ, բայց ես կասեմ, թե ինչ app ա պետք գործարկել: Մեզ պետք ա app, որ քաղաքացին վերը նշածներիցս յուրաքանչյուրը նկարահանի ու փոխանցի, բայց հետևանքը ոչ թե գրավոր կամ բանավոր խիստ նկատողությունը լինի, կամ լավագույն դեպքում` գործից հեռացումը, այլ հակառակը` նրանք պետք է մնան, աշխատեն, չարչարվեն, ուղղակի նրանց աշխատավարձի մեծ մասը պետք է փոխանցվի տվյալ քաղաքացու հաշվին…(այ սենց app ա մեզ պետք…)։
Իսկ, եթե սարկազմն ու ուտոպիան դնենք մի կողմ, ապա ստեղծված իրավիճակում խորքային լուծում ստանալու համար այդ համակարգը ոտքից գլուխ պետք է ռեֆորմի ենթարկել, այո՛, հենց ոտքից պետք է բռնել ու գլխիվայր թափ տալ, որ համակարգի «գրպանից թափվեն» քրեական լեքսիկոնի ու բարքերի հետևորդները, «փող շինելու» համար՝ փողով համակարգ տեղավորվածները, որևէ բանում հասարակությանը պիտու չեղած ու գլուխ պահելու համար համակարգ մտածները, «աբիժնիկները» և այլն…
Այ այս ամենից հետո, նոր այդ app կոչվածը, կարող է իրոք հավելված դառնալ, իսկ ներկա տեմպերով, արդեն ընդունված հավելվածից «քյար» է մնալու՝ կիլդիմը, բոլոլան, անեծք-հայհոյանքը, լավամարդ-վատամարդը, իսկ լավագույն(գուցե և վատագույն) դեպքում. «Ախպեր, մենք էդ տղեն չենք, բայց բողոք ա եկել, ընգեր…»
P.S. Միայն չասեք, թե մարդ չկա, չեն բավականացնում: Հայաստանը միջազգային չափանիշներով ամենաոստիկանացված երկրներից է, և այդ ցուցանիշով այն գերազանցում է նույնիսկ Ռուսաստանին…»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=562250464546113&id=100022834932582