Երկրի ռազմական խորհրդի քաղաքական հանձնաժողովի ղեկավար Օմար Զեյն ալ Աբիդինը նշել է, որ Սուդանի բանակը երկրի պաշտոնանկ արված նախագահ Օմար ալ Բաշիրին Միջազգային քրեական դատարանին չի հանձնի: Այս մասին հաղորդում է Fox News-ը։
«Օմար ալ Բաշիրն ապահով ձեռքերում է: Մեր խորհուրդը նրան պատասխանատվության կենթարկի, սակայն օտարերկրյա կառույցներին չի հանձնի ո՛չ ալ Բաշիրին, ո՛չ Սուդանի որևէ այլ քաղաքացու», – ասել է ալ Աբիդինը։
Օմար ալ Բաշիրը Միջազգային քրեական դատարանի կողմից մեղադրվում է ռազմական հանցագործության, մարդկանց նկատմամբ հանցանքների և Դարֆուրի ցեղասպանության համար, որի հետևանքով մոտ 300 հազար մարդ զոհվել է, իսկ 2.7 միլիոն մարդ անօթևան է մնացել:
Հիշեցնենք, որ Սուդանը 30 տարուց ավելի ղեկավարած Օմար ալ Բաշիրն ապրիլի 11-ին ռազմական հեղաշրջման արդյունքում ձերբակալվել և պաշտոնանկ է արվել բանակի կողմից: