fbpx
Իրավական
20:00 25/03/2020

Սուպերմարկետներում արձանագրվել են սահմանված նորմերի կոպիտ խախտումներ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։

Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ

❌ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,
❌ առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
❌ առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ,
❌ չի պահպանվել աշխատատեղերի և աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,
❌ արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։

Այսպիսով, չեն կատարվել Պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները։

Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ Պարետին։ Ձեռնարկվում են համապատասխան քայլեր։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը հետևյալ հղումով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ