fbpx
Հասարակություն

Դեկտեմբերի 6-ին Հյուսիսային պողոտայում կբացվի Սուրբ ծննդյան տոնավաճառը

Հյուսիսային պողոտայում Սուրբ ծննդյան տոնավաճառն այս տարի իր դռները կբացի դեկտեմբերի 6-ին: Սուրբ ծննդյան տոնավաճառը կազմակերպվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սուրբ ծննդյան տոնավաճառի կազմակերպիչ Պիեր Բաղդադյանը, տոնավաճառը այցելուների համար բաց կլինի դեկտեմբերի 6-ից, սակայն պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Բացմանը ներկա է լինելու աշխարհի ամենաբարձր գագաթներ նվաճած հայազգի լեռնագնաց Արա Խաչատուրյանը, ով այս տարի Ֆրանսիայի Մարսել քաղաքից վազքով հասել է Երևան: 168.am-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 8-ին նախատեսված է տոնական համերգ, կլինի երգի պրեմիերա:

«Տոնավաճառը բավական ընդգրկուն է լինելու: Եթե նախորդ տարի 30-ից ավելի տնակ-տաղավարներ էին, ապա այս տարի դրանց թիվը հասնում է 46-ի: Այս տարի մասնակցության հայտերն այնքան շատ են եղել, որ նրանցից ընտրություն ենք կատարել: Ի դեպ, մասնակիցները պետք է իրենց տնակ-տաղավարները յուրահատուկ ձևավորեն: Գեղեցիկ տաղավարները խրախուսվելու են»,-ասաց Պիեր Պաղդադյանը:

Սուրբ ծննդյան տոնավաճառ անցկացնելու գաղափարն առաջացավ տարիներ առաջ, երբ ծնունդով Լիբանանից, Ֆրանսիայում բնակվող Պիեր Բաղդադյանն ամանորյա տոներին եկավ Հայաստան: Այդ ժամանակ Հայաստանում Սուրբ ծննդյան տոնավաճառ անցկացնելու մշակույթ չկար, այնինչ, եվրոպական բազմաթիվ երկրներում դա տոնական միջոցառումների անբաժանելի մասն է:

«Կարող ենք արձանագրել, որ այս տարիների ընթացքում թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի շրջանում Սուրբ ծննդյան տոնավաճառն իր ուրույն տեղն ունի: Մարդի իրապես սպասում են այս միջոցառմանը: Այն յուրօրինակ գույն է հաղորդում քաղաքին, այցելուների համար լավ տրամադրություն է ապահովում: Շատ ուրախ եմ, որ այս մշակույթը Երևանում ևս ներմուծվեց, ի դեպ, կան արձագանքներ Հայաստանի, Արցախի այլ քաղաքներից ևս, որտեղ նույնպես ցանկություն կա նման միջոցառում անցկացնելու: Ես ուզում եմ նշել, որ իրականում այս ամենը հսկայածավալ աշխատանք է ենթադրում: Դեռ նախապատրաստական աշխատանքը սկսել ենք տարվա կեսերից»,- ընդգծեց Պիեր Բաղդադյանը:

Առաջին անգամ Սուրբ ծննդյան տոնավաճառն անցկացվեց Աշտարակում 2011 թվականի դեկտեմբերին: Տոնավաճառի մեկնարկը տրվել է 3 փոքր տնակ-տաղավարով: Պիեր Բաղդադյանի խոսքով, միջոցառումը բավական ուրախ անցավ, մարդիկ քաջալերեցին, և նա որոշեց տոնավաճառը շարունակելի դարձնել: Դրանից հետո տոնական միջոցառումը շարունակություն գտավ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Տոնավաճառը բաց է լինելու մինչև հունվարի 6-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ