fbpx
Հասարակություն

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Սարդարապատն ու Նոր Արմավիրն իրար կապող ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 29-ին Արմավիրի մարզում ծանոթացել է Մ5 միջպետական ճանապարհը, Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները միմյանց կապող 6․146 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներին։ Այս ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։

Փոխնախարար Բագրատ Բադալյանը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ մեկ ամիս առաջ, և այս ընթացքում բավականին մեծ առաջընթաց է գրանցվել։ Ներկայումս ընթանում են մայթերի կառուցման նպատակով բազալտե եզրաքարերի տեղադրման և բետոնե եզրաշարերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման նպատակով ջրթող խողովակների տեղադրման, ինչպես նաև երթևեկելի մասի վերակառուցման նախապատրաստական աշխատանքներ: Փոխնախարարը նշել է, որ աշխատանքի տեմպերից ելնելով՝ կարելի է ասել, որ շինարարությունը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ։

Նախարար Պապիկյանը շրջել է շինհրապարակում, շինարարության ընթացքի մասին զրուցել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, կապալառու կազմակերպության՝ «Կապավոր» ՍՊԸ-ի, շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող գերմանական «Kocks Consult GMBH» կազմակերպության ներկայացուցիչների, շինարարների, Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքների ղեկավարների հետ՝ շեշտելով ճանապարհաշինական աշխատանքներում որակի պահպանման կարևորությունը։

Սարդարապատի բնակիչները նշել են, որ ճանապարհը մոտ 50-60 տարի չէր վերանորոգվել, և այսօր իրականացվող աշխատանքը մեծ աջակցություն է իրենց։ Ըստ նրանց՝ յուրաքանչյուր բնակավայրի համար ենթակառուցվածքները կարևորագույն նշանակություն ունեն։ Ճանապարհի վերանորոգումը տնտեսական, սոցիալական լուրջ խնդիրներ է լուծում իրենց համար։ Վերանորոգվող ճանապարհը միջհամայնքային է. այն միմյանց է կապում 6-7 բնակավայր։ Սարդարապատ համայնքի ղեղավար Բաբկեն Վարդանյանն էլ ընդգծել է, որ բարեկարգ ճանապարհը բնակիչներին հնարավորություն կտա բերքը հեշտությամբ հասցնել վերամշակող գործարաններին, շուկաներ՝ առանց տեխնիկան վնասելու։

Նշենք, որ ճանապարհի վերանորոգման արդյունքում կվերականգնվի հողային պաստառը, կկառուցվեն կողնակները, կվերակառուցվի երթևեկելի մասը, կվերականգնվեն ջրահեռացման համակարգը, իջատեղերը, կկառուցվեն մայթերը, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, կիրականացվի պատվածքի նշագծում, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ