Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդրին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Արդեն տևական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից և նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։ Թվում է, թե Կոնստանտին Օրբելյանը պետք է ուրախ լիներ, որ այսուհետև ազատ է վարչական աշխատանքից և կարող է զբաղվել միայն ստեղծագործական գործով։ Չէ որ նրան ազատել են միայն տնօրենի պաշտոնից և նա շարունակում է մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար, բայց արի ու տես, որ ունենք այն, ինչ ունենք. ստեղծագործող մարդը չի ուզում իր գլխին ունենալ տնօրեն-ղեկավարի, որի լիազորությունները ավելի մեծ են, որը կթելադրի իրեն ինչ անել, ինչպես անել և ցանկացած պահի կարող է գեղարվեստական ղեկավարին ազատել պաշտոնից։
Մշակույթի նախարարություն, մինչև չվերանայեք թատրոնի կառավարման խորհրդային ժամանակից ժառանգած թերի մեխանիզմը, այսպիսի խնդիրները անընդհատ են լինելու։ Գեղարվեստական ղեկավարը պետք է լինի բացարձակ լիդերը թատրոնում և նրա առաջարկած անձը պետք է դառնա թատրոնի տնօրենը կամ, ավելի ճիշտ տարբերակով, պրոդյուսերը։ Ուսումնասիրեք արվեստի օջախների կառավարման համաշխարհային մոդելը…»։