Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանի առանձնատունը գրանցված չէ. Կադաստրի կոմիտեի նախագահ

Հունիսի 20-ին Կառավարության նիստից հետո, Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, լրագրողների հարցերին պատասխանելով,հայտարարեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանի առանձնատներից մեկը գրանցված չէ:

«Էդ գույքը դեռևս գրանցված չէ մեզ մոտ: Դա համայնքի լիազորությունն է, և ես կասկած չունեմ, որ համայնքը հետամուտ է լինելու»,- ասել է Սարհատ Պետրոսյանը:

Նա նշել է, որ իրենք անձամբ Սուրիկ Խաչատրյանին են դիմելու, նրանից գույքի գրանցում պահանջելու լիազորություն չունեն: Դարձյալ կրկնել է, որ դա համայնքի խնդիրն է, և ինքը չի կասկածում, որ համայնքը զբաղվում է: Համայնքը դիմել է և հետամուտ է լինում:

Սարհատ Պետրոսյանը նաև ասել է, որ իր աշխատանքային գործունեության ընթացում արձանագրել են նաև չգրանցված այլ գույքեր, ինչից կարելի է ենթադրել, որ նրանց դեպքում ևս գույքահարկ չի վճարվում: Հարկ չվճարողների մեջ կան և եղել են նախկին պաշտոնյաներ: Կադաստրի կոմիտեի նախագահն այն կարծիքին է, որ համայնքը` որպես այդ հարկի տեր, հետամուտ կլինի և կլուծի խնդիրը:

«Բազմաթիվ են օրինակները, հսկայական պալատներ ուղղակի բերում են, մեզ մոտ գրանցում են, բայց եկեք ես անուններ չասեմ»,- նշել է Պետրոսյանը՝ հավելելով, որ այլ անուններ չի ցանկանում հրապարակել:

 

Ամենաթարմ