Հոմսում վերջին օրերին ծագած անկարգությունները կրկին ի ցույց դրեցին Սիրիայի համայնքային լարվածությունը։ Սպանությունը, որում զոհվեց բեդուինական տոհմից մի զույգ, հանգեցրեց քաղաքի մասերում լայնածավալ պարետային ժամի՝ իշխանությունների կողմից անվտանգության ապահովման նպատակով։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ սպանության վայրում հայտնաբերված համայնքային կարգախոսները, ամենայն հավանականությամբ, ստեղծվել են՝ իրավիճակը ավելի սրելու և ներքին լարվածությունը խորացնելու համար։ Միևնույն ժամանակ, զինված խմբերը վրեժխնդրության շարժառիթով մտել են ալավիտների և խառը թաղամասեր՝ այրելով գույք և տարածելով վախի մթնոլորտ։
Այս իրադարձությունների ֆոնին, ալավիտ համայնքի հոգևոր առաջնորդի կոչով, Սիրիայի արևմտյան քաղաքներում՝ Տարտուսում, Լաթաքիայում, Բանիասում, Ջեբլեում և Հոմսում, ալավիտները դուրս եկան զանգվածային բողոքի ակցիաների՝ պահանջելով համայնքային պաշտպանություն, դաշնայնացում և քաղաքական փոփոխություններ։ Բողոքի ակցիաները ուղեկցվել են բռնություններով, ձերբակալություններով և համայնքային շեշտադրումներ ունեցող կարգախոսներով։ Ալավիտների հոգևոր խորհուրդը դիմել է ՄԱԿ-ին՝ ահազանգելով Հոմսի ալավիտ թաղամասերում տեղի ունեցած զինված հարձակումների մասին և մեղադրել է Դամասկոսի ժամանակավոր իշխանություններին՝ համայնքի անվտանգության ապահովման հարցում անգործության համար։
Պետական մարմինները, նախագահ Ահմեդ ալ-Շառայի գլխավորությամբ, հայտարարում են համայնքների իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին, սակայն զգուշացնում են արտաքին ուժերի միջամտությունից և համայնքային բաժանումների վտանգից։ Հոմսի լարվածությունը կրկին ընդգծում է Սիրիայի համայնքային ճգնաժամի խորությունը և այն, որ խաղաղության և արդարության հասնելու համար անհրաժեշտ է վստահության և համակարգային փոփոխությունների ապահովում։

