Մայիսի 4-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հույս է հայտնվել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն է հայտնել սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Զրույցի ընթացքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում առաջիկա միջոցառումների շուրջ:
