ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ, ես արդեն տանն եմ շարունակում Կորոնավիրուսից անվերջ թվացող բուժումը, համեմատաբար լավ եմ, չնայած սարսափելի թուլությունն ու ցավերը դեռ հանգիստ չեն տալիս։
Չեմ պատկերացնում, թե հիմա ինչ վիճակում կլինեի, եթե Նորք Ինֆեկցիոն Կլինիկական հիվանդանոցի գերհոգատար ու պրոֆեսիոնալ բուժանձնակազմը արագ չգործեր և ոտքի չկանգնեցներ, անկեղծորեն չեմ էլ պատկերացնում, թե ինչ դժոխային ցավերի միջով են անցնում ծանր հիվանդները, երբ իմ վիճակը գնահատվում էր միջին ծանրության, բայց այդքանն էլ արդեն իսկ անտանելի էր։
Հիվանդանոցում ես միայն լիարժեքորեն հասկանում ու գնահատում բժիշկների նվիրումն ու անմնացորդ աշխատանքի ծավալը։ Խոնարհվում եմ բոլոր բուժաշխատողների առաջ, որոնք գերհոգնած ու գերծանրաբեռնված այս օրերին շարունակում են նվիրված աշխատել, հոգատարությամբ ու ջերմությամբ բուժել ու սփոփել հիվանդներին, չնայած հենց իրենք, շատ-շատերից առավել, հոգածության կարիք ունեն։
Խորին երախտագիտությունս եմ հայտնում Նորք Ինֆեկցիոն Կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին, առաջին բաժանմունքի ղեկավար Արշակին Ղազարյանին, այս ողջ ամիսներին իրականացված պրոֆեսիոնալ աշխատանքի և նվիրումի համար, երախտապարտ եմ ողջ բուժանձնակազմին Կորոնավիրուսի ճիրաններից ինձ հնարավորինս անվնաս ազատելու և կյանք վերադարձնելու համար։
Բոլորիդ խնդրում եմ զգույշ լինել, երբեք չգիտեք, թե ինչ դրսևորումներ կունենա այս չարիքը ձեր օրգանիզմում, ես չունեի ոչ մի քրոնիկ հիվանդություն, բայց հետևանքներն անկանխատեսելի էին։
Հ.Գ. Մղձավանջային սարսափելի ցավերի մեջ գտնվող հիվանդների համար ամենատհաճ բանը, որ կարող է լինել հիվանդանոցի մոտակայքում` հրավառություններն են, համակեցության տարրական կանոնների ու մարդկային նվազագույն ապրումակցման բացակայության այս մթնոլորտն իսկապես անտանելի է ու ցավալի… (հրավառությունների մասով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել եմ` շատ խիստ կարգավորումներով)։
Բայց մղձավանջը չէր ավարտվում միայն երեկոյան հրավառություններով, Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցի մոտակայքում ինչ-որ մեկը որոշել էր աքլոր պահել… և Կորոնավիրուսի ցավերից, անքնությունից ուժասպառ լուսադեմերը խաթարվում էին աքլորականչով, թվում է ծիծաղելի, բայց հավատացեք, երբ ցավերի մեջ ես ողջ գիշեր և լուսադեմին միայն մի փոքր կարողանում ես քնել` աքլորականչը դառնում է հերթական մղձավանջը…
Մեր հասարակության ամենամեծ խնդիրներից մեկը հենց միմյանց նկատմամբ հոգածության պակասն է, բացառապես սեփական հարմարավետության ապահովումը` մյուսների հաշվին դարձել է «լավ տղա» լինելու չափանիշ, եսակենտրոնությունը ամենալուրջ խնդիրն է, որ ճգնաժամային այս իրավիճակներում ակնհայտ է դառնում։ Մենք նաև որպես հանրույթ առողջանալու և վերափոխվելու կարիք ունենք։
Առողջ եղե’ք, պահպանե’ք կանոններն ու մի փոքր հոգացեք մյուսների մասին»։
https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10220637635104522?__cft__[0]=AZVFwlKHvbDvPMV73N3z2RgSJ5CngQ4Uv-d0hmjbTGNpTrW92hn6h3-Olf3wymlOBZFYgcpy05GMXCpEUkx_lVaEZ2mUqw7BdStrpAPWGDmlak4_5tIxmEJnm7c2mCwewEY&__tn__=%2CO%2CP-R