Հաջորդ տարի 21 նոր փոքր դպրոց կկառուցվի զրոյից՝ գյուղական համայնքներում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ արդեն ցանկը կա։ Դպրոցները կառուցվելու են տարբեր մարզերում, նախկինում նման աննախադեպ ծավալի աշխատանքներ չեն իրականացվել:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբեմն խնդիր է լինում հեռավոր գյուղերում պատշաճ կրթական մակարդակ ապահովելու հարցում, նաև այդ դպրոցներում քիչ են աշակերտները:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ խնդիրների լուծման մի քանի մոդել կա, որոնցից մեկը հեռավար ուսուցումն է. «Կա կենտրոն, որտեղ հավաքվում են մասնագետները: Այն դպրոցներում, որտեղ կա ուսուցչի կարիք, և տվյալ դասաժամին տեսակապի միջոցով իրականացնում են դասը: Կարող են դասացուցակները սինխրոնացվել և միաժամանակ մի քանի դպրոցներում անցկացնել այդ դասը: Կա նաև այլ մոդել, որ մոտիկ գյուղերի աշակերտներին, օրինակ 5-րդ դասարանցիներին միացնել և միասնական դասարան ձևավորել»: