Թաթոյանը հյուրընկալվել է Արցախի ԱԺ

Երեկ՝ փետրվարի 15-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։

«Հանդիպմանը ներկա էին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Արպատ Ավանեսյանը։

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նախ շնորհավորել է Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առիթով։ Անդրադառնալով Արման Թաթոյանի իրավապաշտպան, անաչառ գործունեությանը՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն ու հրապարակումները։ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Ա․ Թաթոյանին առանձնապես փաստահավաք գործունեության և միջազգային հարթակներում Արցախն ու Արցախի խնդիրները հավուր պատշաճի ներկայացնելու համար։

Արթուր Թովամսյանը ԱՀ և ՀՀ համանուն կառույցների փոխգործակցությունը լավագույնն է որակում այդ համատեքստում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև պատերազմական և հետպատերազմյան իրողություններին, անվտանգային խնդիրներին ու սպառնալիքներին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության նոր դրսևորումներին։

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար։ Կ

արևորելով նման հանդիպումներն ու քննարկումները՝ ՀՀ իրավապաշտպանն ընդգծել է հատկապես ՀՀ և ԱՀ նույն կառույցների համագործակցությունն ու համատեղ գործունեությունը։ Արման Թաթոյանը համոզմունք է հայտնել, որ, անկախ ունեցած կարգավիճակից, իր հետագա գործունեությունը ևս ուղղված կլինի իրավապաշտպանությանը։

Այնուհետև Արման Թաթոյանը հանդիպել է պատգամավորական կազմի հետ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը բարձր է գնահատել Հայաստանի ՄԻՊ գործունեությունը՝ ընդգծելով հանրային վստահությունը Արման Թաթոյանի նկատմամբ:

Իր խոսքում Թաթոյանը անդրադարձել է փաստահավաք առաքելությանը՝ պատերազմական հանցագործությունները փաստագրելու գործում կարևորելով Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ խորհրդարանականների աջակցությունը:

Այնուհետև ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի գործունեությունը, ջանքերը՝ միջազգային ատյաններում Արցախի իրավունքների պաշտպանության հարցում:

«Պատերազմի ժամանակ միջազգային հանրության պասիվությունը, կարծես թե, արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը սակայն չպիտի վհատեցնի մեզ մեր ջանքերում»,-ասել է Հայաստանի ՄԻՊ-ը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արման Թաթոյանը անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի սանձարձակ պահվածքին ու անհրաժեշտ պատասխան գործողություններին», – ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Ամենաթարմ