Նոյեմբերի 23-ին Իջևանի «Իջևանատուն» ռեստորանի մոտ պաշտոնապես բացվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։
Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Ուկրաինայի հայերի միության և տարբեր մարզերի ներկայացուցիչներ, Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը և պատվավոր այլ հյուրեր:
«Այսօր մենք Տավուշի մարզում բացում ենք առաջին էլեկտրական լցակայանը։ Մեզ համար դա շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև հերթական նորարարական քայլն ենք կատարում, որը մեծ շարունակություն պետք է ունենա։ Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվելու, սպառողական մոտեցումից անցնելու արտադրողական մոտեցման։ Շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին, հատկապես Ուկրաինայի հայ համայնքին և շնորհավորում եմ իրենց մուտքը մեր կյանք, մեր մարզի տնտեսական, մշակութային կյանք,-ասել է Հայկ Չոբանյանը։
Ամիսներ առաջ մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում էր ունեցել Ուկրանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ներկայացուցիչները ներկայացրել էին Ecocars էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիրը, որն իրագործելու են Հայաստանում և սկիզբը դրվելու է Տավուշի մարզից։
Ecocars-ը Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է, որն իրականացվում է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի շրջանակներում:
Նախաձեռնող խումբը Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդությունն է՝ ի դեմս Կամենսկոյե քաղաքի հայերի միության նախագահ Ռոման Չոբանյանի:

