Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը հայտնել է, որ 2021 թ․ հոկտեմբերի 23-24-ը Թբիլիսիի «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոններում տեղի է ունեցել համերգային հատուկ ծրագիր, ցուցահանդես և դասախոսությունների շարք՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին:
««Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվեցին ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև վրաց մշակութային գործիչների հետ Ալեքսանդր Սպենդիարյանի ունեցած ստեղծագործական ու բարեկամական հարաբերությունները:
- Համերգ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանին և Առնո Բաբաջանյանին
- Վահրամ Դումանյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Միջոցառումների ավարտին համագործակցության հուշագիր ստորագրվեց Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի միջև։
Երկօրյա ծրագիրն իրականացվեց Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի համագործակցությամբ՝ օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդի»,- ասվում է հաղորդագրության մեջ։