Տեղի է ունեցել «Ներդաշնակեցված թվային շուկաների առավելությունների տարածումը Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով աշխատաժողովը

Ամենադիտվածներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Եվրոպական Հանձնաժողովի՝ «ԵՄ-ն թվայնացման համար» ծրագրի շրջանակներում EY ընկերության հետ համատեղ մայիսի 15-ին անցկացրեց աշխատաժողով՝ «Ներդաշնակեցված թվային շուկաների առավելությունների տարածումը Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով:

«EU4Digital»-ի նպատակն է տարածել Եվրոպական միության թվային միասնական շուկայի առավելություններն Արևելյան գործընկերության երկրներում` ԵՄ աջակցությունն ուղղելով թվային տնտեսության զարգացմանը՝ հասարակության ներուժի խթանման, տնտեսական աճի ապահովման, աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի բարելավման և գործարարությանն աջակցելու նպատակով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը։

Ողջունելով ներկաներին՝ նա ներկայացրեց առաջիկայում ակնկալվող կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնահերթությունները, հատկապես թվայնացման տիրույթում իրականացված, իրականացվող և իրականացվելիք նախաձեռնությունների համակարգման և դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Նախարարի խորհրդականն ընդգծեց, որ նախարարության թիրախային խնդիրների շարքում է լինելու երկրի թվային փոխարկման օրակարգի մշակումը, իրագործումը և արդյունքների մոնիտորինգը հետևյալ ուղղություններով՝

• Է-կառավարման զարգացում
• Թվային հասարակության զարգացում
• Թվային տնտեսության զարգացում
• Արագ լայնաշերտ կապի և տվյալների պահման ենթակառուցվածքների զարգացում

Գայանե Սերոբյանը նշեց, որ այս բոլոր ենթաուղղություններում կիբերանվտանգության հարցերը անցնում են կարմիր թելով:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը։ Նա վստահություն հայտնեց, որ այս ծրագրի արդյունքները կբերեն առցանց ծառայությունների կատարելագործման՝ ավելի լավ սակագներով և ավելի մեծ ընտրությամբ, գրավելով ներդրումներ, խթանելով առևտուրն ու զբաղվածությունը, ինչպես նաև հզորացնելով համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության ներսում:

Միջոցառման ընթացքում «EU4Digital» ծրագրի ղեկավար Արթուրաս Պիլիպոնիսը մանրամասն ներկայացրեց Հայաստանում և տարածաշրջանում «EU4Digital» ծրագրի բաղադրիչները, խոսեց իրականացվելիք գործողությունների մասին։

Աշխատաժողովի արդյունքում շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է նաև, թե ինչ զարգացումներ կան Հայաստանում թվայնացման ոլորտում, ինչ բացեր և խնդիրներ կան և, թե ինչ հետագա քայլերով, սցենարներով պետք է զարգացնել այնպիսի թեմաները, ինչպիսիք են հեռահաղորդակցության ոլորտում կարգավորումները, կիբերանվտանգությունը, թվային հմտությունները, ՏՀՏ նորարարությունները, է-առևտուրը, է-առողջապահությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ