Ներկայիս տեղեկատվական հոսքերը կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել սերունդների պառակտման՝ կապված համացանցում կամ լրատվամիջոցներում մատուցվող այս կամ այն իրադարձության տարբեր ընկալման հետ: Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սա ուղեկցվում է համացանցում երիտասարդների աստիճանական արտահոսքով դեպի ոչ քաղաքական հարթակներ:
Նրա խոսքով՝ քանի որ իշխանությունների կողմից վերացել է տեղեկատվական հոսքերի վերահսկողությունը, համացանցում կոնֆլիկտը սրվել է: Դրանից բացի, լրատվամիջոցներն ազատվել են ֆինանսական հոսքերի վերահսկողությունից և գովազդատուների հետ ազատ են համագործակցում:
«Այսօր մենք տեսնում ենք, որ տեղեկատվական դաշտում պայքարը ծավալվում է ոչ միայն իշխանության և ընդդիմության միջև, այլև տարբեր ընդդիմադիր ուժերի միջև: Այս ամենը հանգեցնում է քաղաքական օրակարգի ձևավորմանը, որն առաջ է մղվում այս կամ այն ուժի կողմից: Սա էլ հանգեցնում է տեղեկատվության բազմազանությանը»,- նշեց նա:
Փորձագետի կարծիքով՝ համացանցում և լրատվամիջոցներում տեղակատվական հոսքի քաղաքական հագեցվածությունն ավելի երկար է տևում, քան սովորաբար, և այս միտումը նկատվում է հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում:
«Այն, ըստ էության, վերածվել է երկարատև նախընտրական մրցապայքարի, որը սովորաբար դիտվում էր ընտրություններից առաջ վերջին 1-2 ամսում: Ամբողջ տեղեկատվությունը պտտվում է քաղաքականության շուրջը, նույնիսկ եթե քննարկվում է քաղաքականությանը չառնչվող խնդիր: Այս տարվա աշնանից կսկսվի ակտիվության նոր փուլ, ինչը կապված է ակնկալվող նոր քաղաքական օրակարգի ձևավորման հետ»,- հավելեց նա: