Այսօր ՝օգոստոսի 23-ի առավոտյան, տեղի է ունեցել ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։ Այս մասին հաղորդում են Արցախի ԱԺ-ից։
Հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես հղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։
Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են , որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և մեր բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար։