fbpx
Արցախ

Պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկ ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում․ Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել «ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

«Մենք բաց ենք բանակցությունների համար և պատրաստ ենք քննարկելու բոլոր առաջարկները Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Միակ պայմանն այն է, որ հայ զինվորականները պետք է վերադառնան զորանոցներ, քանի որ այնտեղ որտեղ զինվորականներ կան, նոր բարդություններ կարող են առաջանալ»,-ասել է Մամեդյարովը Բրյուսելում։

Ըստ նրա` ՀՀ և Ադրբեջանի ղեիկավաներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում մարտի 29-ին «3+2» ձևաչափով քննարկել են հումանիտար բնույթի հարցեր: «Այդ ուղղությամբ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շփման կետեր գտնել»,-ասել է նա:

Նա նաև տարակուսանք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության վերաբերյալ, որն, ըստ Մամեդյարովի, Վիեննայի հանդիպումից 3 ժամ անց «տարօրինակ հայտարարություն է արել»:

«Հարց է առաջանում,թե ով, ում է ղեկավարում: Մի կողմից շատ դրական հայտարարություններ են հնչում, մյուսից՝ անհեթեթություն են ասում և նոր բարդություններ ստեղծում: Սա հարցերից մեկն է, որի վրա պետք է աշխատել: Նրանք (հայերը) պետք է հասկանան, որ տարածքների գրավումը չի շաղկապվում միջազգային հարաբերությունների հետ»,-ասել է Մամեդյարովը:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքներ՝ անվտանգության դիմաց ձևաչափ չի լինելու: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Դավիթ Տոնոյանի հայատարարության մասին, իր հերթին ասել է. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ