fbpx
Երևան

Երևանում կանցկացվի ՄԱԿ ԶՀԿ ԵՎրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստը

Երևան, Հայաստան – ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը տեղի կունենա Երևանում 2022 թ․ հունիսի 1-ից 3-ը ՀՀ կառավարության հովանու ներքո։ ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին կժամանի Երևան՝ մասնակցելու նիստին և պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Երևանում կայանալիք Եվրոպայի տարածաշրջանային 67-րդ նիստին կմասնակցեն ավելի քան 90 պատվիրակներ, որոնց թվում են՝ ՄԱԿ ԶՀԿ եվրոպայի տարածաշրջանի ղեկավարը, զբոսաշրջության ոլորտի միջազգային խոսնակներ, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ, պաշտոնյաներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։ 67-րդ նիստը Եվրոպայի անդամ պետությունների համար հնարավորություն է միասին քննարկելու զբոսաշրջության ներկա իրավիճակը, ոլորտի մարտահրավերները և համատեղ գործողությունների իրականացումը, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջությունը ավելի կայուն, վստահելի ոլորտի վերածելու համար: Դեռևս 2021 թվականի հունիսի 2-ից 4-ը Աթենքում (Հունաստան) կայացած ՄԱԿ ԶՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 66-րդ նիստի ընթացքում առաջադրվել է Հայաստանի Հանրապետության թեկնածությունը՝ ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում ընդգրկվելու և ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը Հայաստանում անցկացնելու համար։ Նիստի անցկացումը Հայաստանում կնպաստի երկրի՝ որպես զբոսաշրջային դեստինացիայի իմիջի ու ճանաչելիության բարձրացմանը, մասնավորապես՝ Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը։ Նիստի շրջանակներում հունիսի 3-ին նախատեսվում է նաև համաժողովի կազմակերպում «Զբոսաշրջություն և գյուղական զարգացում․ ինչպես են տեղական փորձառությունները ձևավորում ու արժևորում զբոսաշրջային վայրը» թեմայով, որին, ի թիվս Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետությունների ներկայացուցիչների, մասնակցելու են նաև Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։ ՄԱԿ ԶՀԿ-ն և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), համագործակցելով ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ, իրականացնելու են վարպետության դաս Բասկերի խոհարարական կենտրոնի հետ համատեղ ՝ ներկայացնելով այն ուղիները, որոնցով զբոսաշրջությունը կարող է նպաստել գյուղական շրջանների եւ համայնքների զարգացմանը ետհամաճարակային շրջանում: ՄԱԿ ԶՀԿ-ն 2020թ․ հայտարարեց զբոսաշրջության և գյուղական զարգացման տարի՝ կարևորելով տուրիզմը գյուղական համայնքներում՝ ուղղված համայնքների կայուն զարգացմանը։ Հաջորդող տարիներին մի շարք նոր ծրագրեր, մրցույթներ հայտարավեցին, որոնք միտված էին հենց գյուղական տուրիզմի զարգացմանը։ Պատահական չէ, որ այս տարի ընտրվեց հենց այս թեման՝ կրկին կարևորելով գյուղական համայնքների դերը։ Իհարկե, այս համատեքստում Հայաստանը նույնպես իր կարևոր ասելիքն ունի։ ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստի ընթացքում լայն հնարավորություն կընձեռվի Հայաստանի համար թիրախային շուկա հանդիսացող ՄԱԿ ԶՀԿ անդամ Եվրոպական երկրների ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև՝ համագործակցության նոր հնարավորություններ։ Զբոսաշրջությունը տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է և Հայաստանի տնտեսության առաջնահերթ ոլորտն է։ 2018 թվականին ոլորտը համաշխարհային տնտեսության մեջ ներդրել է 8,8 տրիլիոն դոլար և այն կազմել է ՀՆԱ-ի 10,4 տոկոսը։ Զբոսաշրջության ոլորտի ներդրումները Հայաստանի ՀՆԱ-ում 2018 թվականին կազմել են 14,1 տոկոս՝ մոտ 1,8 մլրդ դոլար։ Մինչև COVID-19 համաճարակը Հայաստանը հայտնվել էր միջազգային ինդեքսներում և ազդեցիկ լրատվականների էջերում՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Մասնավորապես, 2019թ. թ․-ին Հայաստանը 5 կետով բարելավել է իր վարկանիշը Համաշխարհային տնտեսական ֆորումի ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքսում՝ 2017 թվականի համեմատ ։ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը վերջին 5 տարիներին զգալի աճ է գրանցել՝ ներգնա զբոսաշրջիկների միջին տարեկան աճը կազմել է մոտ 9 տոկոս։ ՄԱԿ ԶՀԿ-ի Եվրոպայի հանձնաժողովի 67-րդ նիստի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ https://www.unwto.org/europe/67ceu ՓԱՍՏԵՐ. Հայաստանը և ՄԱԿ ԶՀԿ Հայաստանը ՄԱԿ ԶՀԿ լիիրավ անդամ է դարձել 1997թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի կազմում 2021-2025 թթ. ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամ՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիա Հայաստանում նախկինում անցկացված ՄԱԿ ԶՀԿ միջոցառումները. Միջազգային համաժողով․ 21-րդ դարում համընդհանուր արժեքների և մշակութային բազմազանություն թեմայով. Ինչպե՞ս կարող է զբոսաշրջությունը փոփոխություն բերել/ Երեւան, 2012 թ․ ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ լիագումար նիստ/ Երևան, 2015թ.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ