Տղամարդը ապօրինի հատել է 60-ից ավել ծառ ու բռնվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ապրիլի 25-ին տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի ծառեր է հատում, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Տեղեկությունների օպերատիվ իրացման արդյունքում Կուրթան գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին։

Նշվում է, որ նրա «ՈւԱԶ» մակնիշի մեքենան էլ, որը բեռնված էր մոտ 3 խորանարդ մետր փայտանյութով, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածը մի քանի ժամվա ընթացքում Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի հատել է 60-ից ավելի տարբեր տեսակի և չափի ծառ, որոնց կոճղերը դեպքի վայրի զննությամբ մատնացույց է արել։

Բենզասղոցը հայտնաբերվել և առգրավվել է։

Փայտանյութը հանձնվել է անտառտնտեսությանը։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Վնասի չափը քննությամբ պարզվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենաթարմ