Մարտի 31-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը գրաված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է ընտրությունները կեղծելու մեջ:
Յուլիա Տիմոշենկոյի պնդմամբ` Պյոտր Պորոշենկոն չպետք է անցներ երկրորդ փուլ։
Այնուամենայնիվ` Տիմոշենկոն ասել է, որ մտադիր չէ դատարանում բողոքարկել առաջին փուլի արդյունքները:
«Նախագահը սեփականաշնորհել է դատական համակարգը, այն չի կայացնի արդար իրավական վճիռներ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ», – ասել է Տիմոշենկոն:
Նա ասել է, թե քաղաքական պայքարը չի ավարտվում, և դրա տրամաբանական շարունակությունը կլինեն խորհրդարանական ընտրությունները:
Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի ընտրությունները տեղի կունենան այս տարի, սակայն քվեարկության ստույգ օրը դեռ որոշված չէ: