Դավիթ Տոնոյանը պարզաբանել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ Դիլիջանում գտնվող համալիրի հնարավոր օտարման մասին տեղեկությունը: Նա մասնավորապես նշել է, որ կան քննարկումներ՝ կապված վարժարանի ներկայիս համալիրի փոխարեն ռազմամարզական ուղղվածությանն առավել հարմարեցված և ծախսային առումով առավել ընկալելի կառույց տեղափոխելու շուրջ, սակայն այն փակելու և նույնիսկ Տավուշից դուրս տեղափոխելու մասին խոսք լինել չի կարող:
«Իրականում վարժարանի ներկայիս համալիրը պահելն ու սպասարկելը չափազանց մեծ բեռ է բանակի համար։ Տեսեք. շուրջ 250 սանի ուսումնառության համար մենք, այսօր, վճարում ենք մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն ուղղվում է ենթակառոցվածքների պահպանմանը և, մեծ հաշվով, մատուցվող կրթության որակի հետ կապ չունի։ Արդյո՞ք դա արդյունավետ է։ Համաձայնեք՝ կարելի է գոնե քննարկել։ Իսկ արդյո՞ք մենք չենք կարող գտնել լուծում, որի պարագայում հնարավոր կլինի տնտեսել այդ գումարի մի մասը, որով կկարողանանք, օրինակ, բազմաթիվ սպաների բնակարանային հարցեր լուծել։ Կարծում եմ՝ կարելի է և պետք է քննարկել»,-ասաց նախարարը:
Դավիթ Տոնոյանը նաև ընդգծեց, որ մինչև վարժարանի համար շենքային այլ լուծումներ չգտնվեն՝ այն շարունակելու է գործել ներկայիս համալիրում: Իրենք այդ հարցը քննարկել են վարչապետի հետ և ունեն լիարժեք փոխհամաձայնություն այն հարցում, որ եթե վարժարանի տեղակայման վայրը փոխվի, ապա նոր համալիրը պետք է ունենա հնարավոր լավագույն պայմանները, որոնք համապատասխանում են միջազգային ժամանակակից բոլոր չափանիշներին։
«Ուզում եմ բոլորին, և մասնավորապես վարժարանի սաներին ու նրանց ծնողներին վստահեցնել, որ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների։ Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել»,- եզրափակեց Տոնոյանը:

