Տպավորություն են ստեղծում, որ Հրայր Թովմասյանի կալանքի հարց է գալու․ Բադասյան

Ինձ մոտ տպավորություն է, որ ինչ-որ խումբ ուզում է, որ Հրայր Թովմասյանին անպայման մեղադրանք առաջադրվի կամ կալանավորվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ես անընդհատ խուսափում եմ այդ հարցին պատասխանել, նախ՝ որովհետև իմ իրավասությունների շրջանակում չէ, երկրորդը՝ ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ անպայման դա պետք է վրա հասնի, ու անընդհատ մենք այդ հարցը քննարկենք»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով ՍԴ նախագահի անձեռնմխելիությանը՝ նախարարն ասաց, որ դատավարական շրջանակներում գործում է այն կանոնը, որը կա, գործում է տվյալ դատավարության շրջանակներում։

«Այն է՝ կա գործառութային անձեռնմխելիություն Սահմանադրական փոփոխություններից հետո, ու դա նշանակում է, որ այդ անձեռնմխելիությունը գործում է այն ժամանակ, երբ որևէ արարք կապված է իր պաշտոնական լիազորությունների կատարման հետ։

Տեսական եմ պատասխանում․ կրկին ուզում եմ շեշտել, որ պարոն Թովմասյանի անձով պայմանավորված չեմ հարցին պատասխանում: Եթե X անձը եղել է արդարադադատությա նախարար ու կոռուպցիոն եղանակով որևէ արարք է կատարել ու հիմա ՍԴ դատավոր է, բնականաբար, կապ չունի գործառութային անձեռնմխելիության հետ»,-նշեց նա։

Նախարարն ասաց նաև, թե երբ ասում էր, որ կա խումբ, որն ուզում է՝ անպայման Թովմասյանին մեղադրանք առաջադրվի կամ կալանավորվի, այդ խումբն իշխանությունից դուրս է։

«Անընդհատ փորձում են ստեղծել այդ հետապնդման տպավորությունը, որ անպայման իրեն մեղադրանք է առաջադրվելու, կալանքի հարց է գալու ու իրենք պատրաստ են օգնել: Սա, կարծում եմ, մեդիայում որոշակի մարտավարություն է մշակված»,-եզրափակեց Ռուստամ Բադասյանը։

Ամենաթարմ