ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաքերների կողմից իր Twitter-ի էջը կոտրելու հնարավորության մասին հարցին պատասխանել է, որ վերջիններս առանձնապես շատ բան չեն պարզի: Այս մասին գրում է Business Insider-ը:
Այս հարցը լրագրողները նախագահին ուղղել են ուրբաթ հաքերների կողմից աամերիկյան Twitter սոցկայքի հիմնադիր, գործադիր տնօրեն Ջեք Դորսիի թվիթերյան էջը կոտրելու ֆոնին, որը ցնցել էր Twitter-ի օգտատերերին և ստիպել մտածել, թե ինչ տեղի կունենա, եթե ԱՄՆ նախագահի էջը նման ճակատագրի արժանանա:
Սպիտակ տան ղեկավարը, որը հաճախ է քաղաքական հարցերով թարմացումներ և հայտարարություններ կատարում Twitter-ում, ունի ավելի քան 63,7 մլն հետևորդ:
Քանի որ հաքերները Դորսիի թվիթերյան էջում տեղադրել էին ռասիստական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև գրառում էին կատարել պայթյունի վերաբերյալ, օգտատերերին սկսել է անհանգստացնել այն փաստը, որ հաքերները կարող են նույն կերպ վարվել ԱՄՆ նախագահի էջի հետ և կեղծ տեղեկություններ, անվտանգությանը սպառնացող և նույնիսկ պատերազմի վերաբերյալ գրառումներ կատարել:
Մինչդեռ Սպիտակ տան առաջնորդը, ինչպես գրում է աղբյուրը, անհանգստացած չէ այդ հարցով:
«Հույս ունեմ՝ չեն կոտրի իմ էջը»,- հայտնել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ կոտրելու դեպքում, միևնույն է, «շատ տեղեկություններ չեն կարողանա պարզել»: