ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը մեղադրել է օգնականներին, որոնք համագործակցել են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրջանակում։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։
Պետության ղեկավարն ասել է, որ այն աննախանձելի պատկերը, որը նրանք ներկայացրել են իր և Սպիտակ տան վերաբերյալ, «անհեթեթություն» է։
Գլխավոր թվիթների շարքում ԱՄՆ նախագահը քննադատել է նրանց, ովքեր երդման տակ հաշվետվություն են ներկայացրել Մյուլլերին այն մասին, թե ինչպես է Թրամփը քանիցս փորձել փակել կամ ներազդել հետաքննության վրա և դրանով իսկ Սպիտակ տունը ներկայացրել են որպես մի տեղ, որը «վարակված է ստի ու կեղծիքի մշակույթով»։
«Հայտարարություններն իմ մասին Մյուլլերի խելագար զեկույցում արել ենմի շարք մարդիկ, ինքնին գրված են 18 չարամիտ դեմոկրատների՝ Թրամփին ատողների կողմից, կեղծվել են ու բնավ չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է, մասնավորապես, Դոնալդ Թրամփը, ավելացնելով, որ որոշ ցուցմունքներ «կատարյալ անհեթեթություն են և արվել են միայն այն բանի համար, որ մեկ ուրիշին լավ ներկայացնեն (կամ ինձ ներկայացնեն որպես վատ)»,- գրել է նա։
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հինգշաբթի հրապարակել էր ամերիկյան հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը, որը հետաքննում էր Մոսկվային վերագրվող միջամտության հանգամանքները 2016-ի ամերիկյան ընտրություններին։ Հատուկ դատախազը պնդում է, որ Ռուսաստանը փորձել է ազդեցություն գործել ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքի վրա։ Ընդ որում՝ Մյուլլերը խոստովանել է, որ հետաքննությունը Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դավադրություն չի հայտնաբերել։