Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել ամերիկյան F-35-ի փոխարեն ռուսական Su-35 և Su-57 կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը;: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:
Երեքշաբթի Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այցելել է МАКС-2019 ավիասրահ: Նա հետաքրքրվել է ռուսական Su-35 և Su-57 կործանիչներով և դրանք գնելու հնարավորությամբ:
«Իսկ ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ մենք աննպատակ չենք եկել: ԱՄՆ վերջնական որոշմանը (F-35-ի հետ կապված) տեղեկանալուց հետո սեփական քայլերը կանենք: Մենք մտահոգություն չունենք այն թեմայով, թե ինչ կպատահի, եթե այստեղ չստացվի: Ամեն ինչ կլինի: Շուկան մեծ է, որտեղ կկարողանանք մեզ ապահովել այն ամենով, ինչ մեզ անհրաժեշտ է»,- թուրք լրագրողներին ասել է Էրդողանը՝ պատասխանելով ռուսական կործանիչների գնման հնարավորությանն առնչվող հարցին:
Ռուսական օդանավերի հանդեպ Էրդողանի հետաքրքրությունը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ն վերջերս Անկարային հանել էր F-35 կործանիչների մատակարարումների ծրագրից՝ ի պատասխան Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների գնման: Չորեքշաբթի ՌԴ Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտնել էր, որ Անկարան հետաքրքրվում է Su-35-ի կամ Su-57-ի մատակարարումներով:
Су-35-ը, որը 4++ սերնդի ռուսական բազմաթիրախային կործանիչ է, մատակարարվում է Չինաստան, առաջիկայում բացառված չէ նաև Ինդոնեզիա, Հնդկաստան և Մալայզիա արտահանումը:
Су-57-ը 5-րդ սերնդի ռուսական կործանիչ է: Նախօրեին մեքենան, որն առաջին անգամ ցուցադրվել էր ՄԱԿՍ ցուցասրահում, զննել են Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: