Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի իր գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով պաշտոնական այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հայտնել է Ermenihaber.am-ը։
Թեհրանում Աբդոլլահիանի հետ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Իրանի հետ ցանկանում է զարգացնել հարաբերությունները և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակում։
«Քննարկել ենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչությունը, ապօրինի միգրացիան, մարդկանց թրաֆիքինգը։ Ցանկանում ենք ամրապնդել մեր համերաշխությունն այս հարցում։ Ցավոք, համավարակի պատճառով լուրջ անկում է եղել երկկողմ առևտրաշրջանառության ոլորտում։ Սակայն այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, 9 ամսում 71 տոկոսանոց աճ կա։ Այս աճն ուրախալի է, բայց մենք դեռ հեռու ենք մեր նպատակներից»,-ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ հանդիպման ժամանակ Ադոլլահիանի հետ քննարկել են Սիրիային և Աֆղանստանին վերաբերող հարցեր։

