Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից բանաձևի ընդունումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր մակարդակի է հասցնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ իր ելույթում
«Ցանկանում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, քանի որ հոկտեմբերի վերջին պալատը ևս ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Պետք է գնահատանքի խոսքեր ասել Միացյալ Նահանգների հայությանը, բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, որոնք ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման առումով, այլ նաև որպես ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման կարևոր բաղադրիչ:
«Դուք տեղյակ եք, որ հենց Հայաստանի առաջարկությամբ ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր: Կարևոր է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի, և այդ պրոցեսը կարևոր է մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից: Ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915թ. ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիայի այդ քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար»,-նշեց ՀՀ վարչապետը:
Նա հիշեցրեց՝ մոտ արդեն 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, և այս իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, նաև Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում են Թուրքիայի վարած ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունը տարածաշրջանում:
«Եկեք նայենք, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Իրաքի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Կիպրոսի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հունաստանի նկատմամբ, և Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, որն, ըստ էության, ի ցույց է դնում այն դերակատարումը, որն այսօր մեր տարածաշրջանում ունի այդ երկիրը:
Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների առնչությամբ և Թուրքիային քաջալերի, որ վերագնահատի և վերանայի իր դերը տարածաշրջանում: Ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին բոլոր կառավարությունները, մեր կառավարությունը ևս արձանագրում է, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ընդ որում, մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ՝ իմ նշած գործառույթների շրջանակում, որ այդ երկիրը վերանայի իր դերակատարումը տարածաշրջանում, որը, ցավոք սրտի, այսօր պատմական աղերսներ է ստանում 20-րդ դարասկզբի ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ»,-ասաց վարչապետ Փաշինյանը:
Հիշեցնելով դեկտեմբերի 9-ի օրվա խորագիրը՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր, նա նկատեց՝ հնարավոր է առաջին հայացքից տարօրինակ թվալ, որ զոհերը կարող են արժանապատվության պաշտպանության խնդիր ունենալ, բայց այս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի արած անպարկեշտ և ցինիկ արտահայտությունները եկան ապացուցելու, որ նման պաշտպանության անհրաժեշտություն կա:
«Երբ այս օրը ՄԱԿ-ում հռչակվում էր, դժվար էր կանխատեսել, որ այնպիսի արտահայտություններ կլինեն, որոնք լիովին կարդարացնեն նման ձևակերպումը»,-նկատեց ՀՀ վարչապետը: