Թուրքիայում դժգոհ են «Մուսուլման եղբայրներին» ահաբեկիչներ ճանաչելու ԱՄՆ մտադրությունից։ Այս մասին հայտնում է Hurriet-ը։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիկը նշել է, որ այս որոշումը խնդիրների աղբյուր կդառնա ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մերձավոր Արևելքի համար։
«Եթե դուք այնպիսի կազմակերպությանը, ինչպիսին «Մուսուլման եղբայրներն» է, որը պահպանում է օրենքները և հեռու է մնում բռնությունից, ճանաչեք ահաբեկիչներ, ապպա տեղ կբացեք «Իսլամական պետության» համար։ Իհարկե, դա խնդիր կդառնա ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է «Մուսուլման եղբայրներին» արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը։
«Մուսուլման եղբայրները», որի շարքերում մոտ 1 մլն մարդ կա, Եգիպտոսում իշխանության է եկել 2012-ին` Հոսնի Մուբարաքի տապալումից մեկ տարի անց։ Սակայն այժմ կազմակերպությունը երկրում արգելված է, նրա հազարավոր կողմնակիցներ և ղեկավարության մեծ մասը բանտերում են։
Եգիպտոսի կառավարությունը կազմակերպությանը մեղադրել է 2013թ․ ոստիկանական բաժանմունքում իրականացված ահաբեկչության մեջ, որի հետևանքով 16 մարդ էր մահացել։