Շարունակվում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա: Ռուսաստանը Թուրքիա է ուղարկել իր արտադրած S-400-ների բաղադրիչների հերթական խմբաքանակը։ Համակազմի մեջ մտնող այս տեխնիկան նույնպես ուղևորվել է թուրքական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ավիաբազա, որտեղ իջել էին նաև հրթիռային համակարգի արձակման կայանները բերած ինքնաթիռները։ Այդ մասին հայտարարել է Russia Today-ը:
Թուրքական կողմը հայտարարել է, որ մինչև հիմա իրենց մոտ վայրէջք է կատարել Ռուսաստանից S-400 համակարգերի առանձին հանգույցներ ու արձակման կայաններ բերող 17 ինքնաթիռ։ Առայժմ չի հստակեցվում, թե որքան ինքնաթիռ է անհրաժեշտ S-400-ների մատակարարման համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ S-400-ների մատակարարումը կավարտվի 2020 թվականի ապրիլին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական S֊400-ների ձեռքբերումը անհամատեղելի է դարձնում վերջինիս մասնակցությունը ամերիկյան F-35-ների ծրագրին:
