Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: Այս ուղերձով նա հոկտեմբերի 22-ին հանդես է եկել Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում:
«ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում: Ոչ ոք մոլորության մեջ չէ այսպես կոչված հրադադարի հարցում»,-ասել է Տուսկը, որի ելույթը հեռարձակվել է ԵԽ-ի կայքում:
Տուսկի խոսքով՝ ցանկացած այլ ճանապարհ նշանակում է անընդունելի մարդկային տառապանքներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաղթանակը և լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար:
«ԵՄ-ն նաև հավաստում է իր լիակատար համերաշխությունը Կիպրոսի հետ՝ նրա ափերի մոտ Թուրքիայի անօրինական հորատման աշխատանքների կապակցությամբ»,-հավելել է Եվրախորհրդի ղեկավարը: