Շիրակի մարզից գերեվարված կամավորների հարազատներն այսօր մարզպետարանի դահլիճում մամուլի ասուլիս են հրավիրել և պահանջել ու հորդորել, որ քաղաքական նպատակների համար չշահարկեն տղաների վերադարձի հարցը։
Նրանք նշել են, որ իրենք չեն պաշտպանում ոչ մի քաղաքական ուժի, չեն կանգնելու նրանցից որևէ մեկի կողքին, պարզապես հորդորում են զերծ մնալ իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների անունը օգտագործելուց ու չխոչընդոտել կատարվող աշխատանքներին։ Նրանց միակ նպատակը տղաների շուտափույթ վերադարձն է։
«Մինչև այսօր ունենք գերության մեջ գտնվող 54 տղաներ։ Այսօր քաղաքական ու ոչ քաղաքական ուժերի կողմից շոշափվում է մեր տղաներին գերությունից ազատելու հարցը։ Մենք նրանց հորդորում ենք, իրենք քայլերը չկապեն մեր տղաների հետ։ Եթե կա մի անձնավորություն, որը կկարողանա լումա ներդնել մեր տղաների վերադարձի համար, խնդրում ենք թող կատարեն այդ քայլերը, թող չկանգնեն, խոսեն»,- ասել է հարազատներից մեկը։