Աշխարհ

Ուկրաինացին փորձել է 28 կգ հերոին տարանցել Ադրբեջանով

Ադրբեջանի մաքսային ծառայությունը Իրանից ադրբեջանական տարածքով Ուկրաինա մեկնող բեռնատարի կցորդիչի պատի մեջ հայտնաբերել է 28,4 կիլոգրամ հերոին՝ 54 առանձին փաթեթով։ Դրանք նախատեսված էին հենց Ուկրաինայի տարածքում իրացման համար։ Այս մասին հայտնել է երկրի մաքսային ծառայությունը։

Մաքսային փաստաթղթերի համաձայն՝ այդ բեռնատարը տեղափոխում էր չամիչ։ Սակայն ադրբեջանական մաքսային ծառայության ռենտգենային սարքի միջով դրա անցման ժամանակ դրա պատի մեջ կասկածելի ուրվագծեր են երևացել։ Ադրբեջանական կողմի պնդումից հետո չամիչի ամբողջ պաշարը բեռնաթափվել է, և վարժեցված շան միջոցով հայտնաբերվել է գաղտնի տեղափոխվող ապրանքը։

Թմրանյութերի նման խոշոր խմբաքանակի տարանցման ևս մեկ դեպք Ադրբեջանում բացահայտվել է 2018 թվականի հուլիսին։ Իրան-Ադրբեջան սահմանի Աստարա բնակավայրի անցակետում ադրբեջանական մաքսային ծառայությունները այդ ժամանակ բացահայտել էին Իրանից եվրոպական երկրներ 50 կգ թմրանյութերի տարանցման փորձ։

Տեղին է շեշտել, որ ամփոփ տվյալների համաձայն՝ 2018 թվականին Ադրբեջանում կատարված բոլոր 26 հազար հանցագործությունների 12.3 տոկոսը կապված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Այս բոլոր հանցագործությունների կատարման հետ կապ է ունեցել ընդհանուր առմամբ 2492 մարդ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ