Ուկրաինան ու Ադրբեջանը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականության հարցում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում։ Այս մասին տեղեկացնում է Unn.com.ua կայքը:

«Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,-հայտարարել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում:

«Այդ ամենն ընդգծում է մեր պետությունների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը, մեր պետությունները շատ հարցերում մոտ դիրքորոշումներ ունեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով»,-ասել է Զելենսկին:

Ամենաթարմ