ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակում Կոնգրեսում ցուցմունք է տվել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ուիլյամ Թեյլորը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Թեյլորը նշել է, որ Burisma-ի նկատմամբ հետաքննությունը, որտեղ աշխատել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, Թրամփի և Զելենսկու հանդիպման պայմաններից մեկն էր: Թրամփը պահանջել է, որ Ուկրաինայի նախագահը հայտարարի հետաքննություն սկսելու մասին:
Բացի դրանից՝ ենթադրվում էր, որ Զելենսկին հարցազրույց կտա CNN-ին, որտեղ կասի այն, ինչը անհրաժեշտ է: Թեյլորը շեշտել է, որ հակառակ դեպքում Թրամփն սպառնացել էր դադարեցնել ֆինանսական օգնության հատկացումը Կիևին:
Նաև, ըստ դիվանագետի, Ուկրաինայում ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Քուրթ Ուոլքերը, Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդը, էներգետիկայի նախարար Ռիկ Փերին և նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիին Ուկրաինայում ԱՄՆ-ի քաղաքականության ոչ ֆորմալ ալիքի ղեկավարներն էին: