Շատերդ չեք կողմնորոշվում, վստահ եմ, թե ում ընտրեք, ինչպես ևս ես։ Եվ շատ հետաքրքիր զգացողություն է դա։ Փնտրում ենք այն ուժին, որը կհամապատասխանի մեր մաքսիմում պահանջներին։ Պարզում ենք՝ չկա այդպիսի ուժ։ Հետո՝ իջեցնում ենք սանդղակը միջինին, մինիմումին, այնուհետև գնում դեպի չվնասվելուն, շատ չվնասելուն, գոնե արհավիրքի չբերելուն ու էլի այսպես ետ վերադառնում դեպի մեր մաքսիմումը։ Չենք գտնում ու չենք հասկանում, թե ում ընտրենք, որովհետև, մի այլ կարևոր ներքին խնդիր է առաջանում։ Դա կապված է ոչ միայն ուժերի մեր քաղաքական քիմքին համապատասխանելու հետ, այլ այս ընտրություններում և դրանից հետո կատարվելիքի համար՝ առաջին հերթին մենք պատասխանատվություն ենք կրելու մեր տված քվեի համար։
Առաջին անգամ, ընտրություններում կա տարօրինակ զգացողություն, որը թվում է տհաճ, որովհետև չենք ուզում պարտավորություն վերցնել մեզ վրա, բայց իրականում այն դրական խթանի մասին է խոսում՝ դա գիտակից քաղաքացու կերտման կամ ինքնադաստիրակման գործընթացն է ազդարարում։ Եվ ինչքան էլ երկրում ներքին քաղաքական իրավճակը, սահմանային լարվածությունը քովիդից, պատերազմից , ետպատերազմական ցնցումներից հետո պարուրել է մեզ, միևնույնն է, մենք եկել ու հասել ենք այն բարձրագույն ընկալմանը, որ մեզ մեր ընտրության մեջ ոչինչ և ոչ ոք չի կարող պարտադրել։
Ակնարկներ, համոզել, վախեցնել, տարատեսակ մոտեցումներով ու մանիպուլիացիաներով ուղղորդել միշտ եղել է ու լինելու է: Իսկ որ մենք այսօր ունենք հնարավորություն ազատ ընտրություն կատարելու, ընտրելու ում ցանկանում ենք, նույնիսկ չընտրելու, այդպես է: Հանկարծ չասեք՝ լավ դե, մեկ է՝ որոշված է: Այդպես չէ։ Վստահ եմ, որ ընտրություններից հետո կասվի դա, ինչպես որ չհասկացանք պատերազմի ժամանակ, որ ոչ մի բան էլ որոշված չէր, այլ դա որոշվում էր պատերազմին՝ մարտի դաշտում, թիկունքում, զանգվածային լրատվամիջոցներում և դիվանագիտական ճակատում։ Այո, նույն կերպ էլ լինելու է ընտրություններում, մենք ենք որոշելու, մենք ենք ընտրելու և ում էլ ընտրենք, և ով էլ ընտրվի, ապա մենք իրենց համար պատասխանատուն ենք լինելու, այլ կերպ ասած՝ արժանին, ու միառժամանակ նաև իրենցից պահանջողը պետք է լինենք։ Շատ խիստ պահանջելու ենք այն, ինչ խոստացել են նախընտրական քարոզչության ընթացքում։ Եվ սա մեզ էլ ավելի զորեղ քաղաքացի է դարձնում ու քաղաքական գիտակցության է բերում։
Պատերազմից հետո կերտվում է մեր հանրույթի քաղաքական միտքը։ Սրանից չպետք է երբևէ հրաժարվենք։ Քաղաքական մտքից է կախված պետությունը, որի զարգացումը պայմանավորված է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումով։ Չպետք է թույլ տանք, որ ժողովրդավարական գործընթացները շեղվեն Հանրապետությունում։ Այնպես որ, չվհատվեք, չհուսալքվեք, չհիասթափվեք, չհարմարվեք, չհամակերպվեք։ Լավ ապագան մոտ է՝ անկախ նրանից բախումներ կլինեն հետընտրական, թե ոչ։
Մենք վերադառնալու ենք ու վերադարձնելու ենք այն, ինչ պատկանում է մեզ՝ տրված ի վերուստ, տրված աշխարհի կանոններով։ Հիմա կերտում ենք դրա հիմքերը։ Եվ ես իմ ընտրությունն ազատ կատարելու գիտակցությամբ գնալու եմ քվեարկելու՝ ձայնս տալով վերոգրյալին նպաստած ուժերից մեկին։ Ես ուզում եմ ունենանք ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստան՝ ազատ ու գիտակից հանրույթով, զորեղացող տնտեսությամբ և բանակով։
