Ուրախ եմ, որ հաղթանակ պարգևեցինք Հայաստանին. Ուրարտուի մարզիչը` ԵԱՏՄ Գավաթը նվաճելու մասին

«Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը ԵԱՏՄ Գավաթի խաղարկությունում իր թիմի հաղթանակից և առաջին տիտղոսը նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք այս մրցաշարում և Գավաթը պահեցինք Հայաստանում: Շատ լավ մրցաշար էր, կցանկանամ , որ ամեն տարի նման մի բան կարողանանք կազմակերպել ու մեր դահլիճը լցվի երկրպագուներով:

Սպասում էի, որ ավելի շատ երկրպագուն ներկա կգտնվի այսօրվա խաղին, բայց էլի լավ էր, շնորհակալ ենք աջակցության համար:

Հիանալի միջազգային փորձ ունեցանք, այստեղ բասկետբոլը շատ էր տարբերվում մեր Ա լիգայից: Կփորձենք մեր Ա լիգայի առաջնությունում էլ նման մակարդակի խաղեր ցուցադրել:

Խաղից առաջ գիտեինք, որ 8 միավորի առավելության հաղթելու դեպքում մրցաշարի չեմպիոն կդառնանք ու իհարկե այդ մասին խոսել էինք հանդերձարանում: Լավ էինք տրամադրվել ու լրջորեն պատրաստվել էինք: Ուրախ եմ, որ հաջողության հասանք»,- ասել է մարզիչը:

Վերջին խաղում հայկական ակումբը մրցել է Տուլայի «Արսենալի» հետ ու հաղթել 92:72 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ մեր ակումբը մրցաշարում վաստակել է 5 միավոր ու նվաճել Գավաթը:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ