Արմավիրի համանուն մարզկենտրոնում այսօր ԲՀԿ-ին բնակչությունը դիմավորեց՝«Գագի՛կ, հաղթանակ», «Ծառուկյա՛ն, հաղթանակ» վանկարկումներով։
A1plus-ի փոխանցմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում անդրադարձավ կրթության ոլորտին։ «Ուսանողը, ով կարողանում ա, թող վճարի, չի կարողանում, վճարի հնարավորություն տանք»,- նշեց նա։ ԲՀԿ նախագահն առաջարկեց, պայմանագիր կապել ուսանողի հետ, որ սովորելուց և ավարտելուց հետո նա 10-15 տարվա ընթացքում աշխատավարձից ուսման գումարը պետությանը վերադարձնի։
Գյուղատնտեսության մասին՝ Ծառուկյանն առանձնացրեց հետևյալը՝ պայմաններ ստեղծել, որ գյուղացու արտադրանքը դաշտում չմնա․ բերքուբարիքը հավաքել, սորտավորել հանձնելու համար։ Եվ որպես օրինակ նշեց ԱՄԷ-ի փորձը․ «Էմիրաթներում օրեկան 2000 տոննա պտուղ-բանջարեղենի կարիք կա, 2000 տոննա։ Իրանք ոչ մի բան չունեն։ Աշխարհի տարբեր անկյուններից են բերում»,- մանրամասնեց նա։ Ծառուկյանի պնդմամբ՝ դեպի ԱՄԷ այլ տեղերից բերածը Հայաստանի, Արմավիրի, Արարատի պտուղ-բանջարեղենի մի տոկոսը չարժի՝ համի ու բնական լինելու առումով։
Ծառուկյանն ասաց, որ պետք է ձևավորել հատուկ կազմակերպություն, որը հնարավոր կդարձնի պտուղ-բանջարեղենի մթերումը, սորտավորումը, կարգոներ (բեռնաապահովագրում) կստեղծի, սառնարաններ կստեղծի, կիրացնի։
