fbpx
Կրթություն

Ուսուցիչները պետք է ազատ լինեն իրենց գործունեության, ստեղծարարության ու նորարարության մեջ. Արայիկ Հարությունյան

Հոկտեմբերի 5-ին նշվում է «Ուսուցչի օրը»: Տոնի նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը շնորհավորանքի խոսքում հատուկ ընդգծել է ուսուցչի դերակատարումը կրթության կազմակերպման գործում:

«Երբ ասում ենք, որ ուսուցիչը մեր գլխավոր գործընկերն է դպրոցում ու բարեփոխումների ճանապարհին` անկեղծ ենք ասում: Մեր նպատակն է ունենալ արդար համակարգ: Մենք ցանկանում ենք, որ համակարգում աշխատող ուսուցիչները լինեն ազատ` իրենց գործունեության, ստեղծարարության ու նորարարության մեջ, որովհետև առանց այդ արժեքների հանրակրթության ոլորտում հաջողություն չենք ունենա»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:

Միջոցառմանը հրավիրվել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության, ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի դպրոցների այն տնօրենները, ուսուցիչները և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակները, որոնք արժանացել են նախարարության պարգևների: Ընդհանուր առմամբ՝ պարգևատրվել է 77 տնօրեն, ուսուցիչ և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի տեղեկացմամբ` պարգևներ ստացողների թվում են եղել ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հաջողության պատմություններ» նախագծի մասնակից ուսուցիչները, որոնք հանրայնացրել են մանկավարժության հաջողված փորձը՝ իրենց կողմից մշակված կամ փորձարկված մեթոդները կիսելով մասնագիտական և հանրային շրջանակների հետ: Պարգևների են արժանացել նաև ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության «Ուսուցիչ» հաղորդաշարի մասնակիցները :

ՀՀ ՊՆ պարգևներ են շնորհվել զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն ժամկետային զինծառայողների ուսուցիչներին:Բոլոր 77 մասնակիցները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով:

Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական կատարումներով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Տ. Մանսուրյանի, Մ. Մավիսակալյանի, Ռ. Ալթունյանի ստեղծագործությունները, ինչպես նաև հատվածներ «Անուշ» օպերայից:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ