Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ Գյուլնարան, ով մինչ օրս գտնվում էր տնային կալանքի տակ, կտեղափոխվի ընդհանուր ռեժիմի գաղութ։ Այս մասին հայտնել է երկրի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պատժի կրման ժամանակ Քարիմովան պարբերաբար խախտել է դատարանով սահմանված պարտավորությունները՝ լքել է բնակարանը, բազմիցս օգտվել համացանցից և խոչընդոտել իր հասցրած վնասի փոխհատուցմանը։
2013 թվականի հոկտեմբերին Քարիմովայի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ կապված կազմակերպված հանցավոր խմբին նրա մասնակցության հետ, որը 2001-2013 թթ. զբաղվել է փողերի լվացմամբ։
2015 թվականի օգոստոսին նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։