fbpx
Խորհրդարան

Ուզում ենք մի քանի տարի հետո բոլորի համար օդի տուրքը հանել․ Տաթևիկ Ռևազյան

Խորհրդարանում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, ասաց, որ խիստ կարևոր է, որ ազգային ավիափոխադրողի հայտ են ստացել:

Բագրատյանը նաև հետաքրքրվեց, թե արտոնություն տրամադրելով նոր բացվող գծերին՝ խնդիր չի՞ լինի այն ժամանակ, երբ ազգային ավիափոխադրողը կսկսի ողջ ծավալով աշխատել:

Ռևազյանն էլ պատասխանեց, որ իրավունք չունեն որևէ ավիաընկերության հատուկ արտոնություններ տրամադրել:

«Դա կլինի միջազգային խախտում: Այս հարցը քննարկվել է տեղական ավիափոխադրողի հետ, և նրանք ողջունել են մրցակցությունը: Նրանք նշել են, որ այդ մրցակցությունը կստիպի, որ իրենք ավելի լավ աշխատեն, որ կարողանան միջազգային շուկայում մրցել: Այսինքն՝ ավիափոխադրողներին բավարար չէ, որ զուտ Հայաստանում կարողանան գործել: Նրանք բանակցում են ամբողջ աշխարհի տարբեր օդանավակայանների հետ, որ կարողանան մրցակցել բոլորի հետ»,-նշեց Ռևազյանը:

Նրա խոսքով՝ իրենք խթանում են նոր ուղղությունները, որովհետև նոր ուղղությունները բոլոր ավիաընկերությունների համար ամենառիսկային տարբերակներն են:

Բացի դրանից՝ նա ասաց, որ ցանկանում են մի քանի տարի հետո բոլորի համար հանել օդի հարկը:

«Մենք ուզում ենք մի քանի տարի հետո բոլորի համար օդի տուրքը հանել, բայց մեզ ժամանակ է պետք, որ ապացուցենք, որ օդի տուրքը հանելով՝ մենք իրոք խթանում ենք նոր ուղղությունները, իրոք շուկան զարգանում է: Այս պարագայում պետբյուջեն չի տուժի»,- ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հավելեց, որ անցած տարի 12 մլրդ դրամ մուտք է եղել օդի տուրքից պետբյուջե:

«Ես կարծում եմ, որ հաջորդ տարի այդ թիվը կիջնի, օրինակ՝ 8 մլրդ-ի»,- ասաց Աղազարյանը:

Ռևազյանն էլ նկատեց, որ չի նվազի: «Մենք համոզված ենք, որ չի նվազի: Մեկ գաղափար էլ կա, որ կարող է իրականում աճել այդ թիվը, որովհետև սպասարկող ուղղությունների ընդհանուր հոսքն է աճում»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ