Հայաստանի ազգային պատկերասրահում նախապատրաստական աշխատանքներ են. վաղը այստեղ կբացվի Մինաս Ավետիսյանի գույներով՝ այցելուների ձեռքերով «Գույների կախարդանք» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը:
«Մոտ չորս ամիս ծրագրին մասնակցեց շուրջ վեց հարյուր /600/ աշակերտ՝ Հայաստանի տարբեր դպրոցներից և հաստատություններից: Նախագծում առանցքայինը նկարչի ծննդավայրը պատկերող «Ջաջուռ» կտավն է՝ 1960 թ., որը հայրենի բնաշխարհի գունային սիմվոլիկ հավաքական պատկերն է։
Թիմային աշխատանքի արդյունքում պատանի արվեստասերները վերը նշված կտավի ուրվանկարի և տարաբնույթ իրերի` գործվածքների, թելերի, բազմերանգ գույների համադրությամբ ստեղծել են հայտնի գեղանկարի ինքնատիպ կոլաժային վերարտադրություններ:
Սիրով հրավիրում ենք ներկա լինելու այս ինքնատիպ ցուցահանդեսի բացմանը»,- տեղեկացնում են պատկերասրահից: