Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։ Վալերիյ Օսիպյանը, վերլուծելով վերջին ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացը, ընդգծել է, որ դրանց կանխման ու բացահայտումը միայն քրեական հետախուզության ուսերին չէ, ուստի արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարել է՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով կանխարգելիչ աշխատանքները։
Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ կարևորել է բնակարանային գողությունների կանխումն ու բացահայտումը։ Կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման առումով հանձնարարել է ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները։
Բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով էլ ոստիկանության պետը հանձնարարել է անկաշկանդ օգտագործել օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները, օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում իրականացնել համապատասխան միջոցառումներ։
Խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանը և՛ տեղակալներին, և՛ ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգել է՝ նույնիսկ առանց հանգստի աշխատել՝ կարճ ժամանակում տեսանելի արդյունքներ արձանագրելու համար։