Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանին և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանին։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ոստիկանությունում կադրային քաղաքականություն մշտապես վարվում է, նշանակումներ և ազատումներ մշտապես լինում են», – նշեց նա՝ ներկայացնելով ազատումների պատճառը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 29-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» բ/կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ վերջիններս հացկերույթի են մասնակցել «Պարտեզ» ռեստորանային համալիրում, որի ընթացքում առաջացել է վիճաբանություն։ Տարաձայնությունները երիտասարդները շարունակել են քննարկել դրսում՝ ռեստորանի մոտ, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։
Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ տուժածներից մեկը ծանր վիճակում է՝ գտնվում է կոմայի մեջ:
