Վալվերդե. Մեսսիի հետ ամեն ինչ լավ է, բայց որոշեցինք ռիսկի չդիմել Ռեալի հետ խաղում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ խաղում գրանցված արդյունքը (1:1).

«Երբ մրցակիցը գոլ է խփում առաջին րոպեներին, իսկ դու հավասարեցնում ես, լավ է: «Ռեալը» երկար ժամանակ տիրում էր գնդակին: Դրանից հետո մենք սկսեցինք վտանգավոր պահեր ստեղծել:

Իսկ երբ ամեն ինչ մեր ձեռքերում էր, կարողացանք հավասարեցնել հաշիվը: Դեռևս ոչինչ որոշված չէ, ակնհայտ ֆավորիտ չկա այս դիմակայությունում: Հաշվի առնելով մրցակցի կարգը` դեռ շատ բան չի ասվել: Գիտեինք, որ դաժան ու բարդ խաղ է լինելու:
Մեսսի՞ն. նրա հետ ամեն ինչ լավ է: Այս պահին որոշեցինք ռիսկի չդիմել, քանի որ նա փոքր-ինչ խնդիր ուներ: Որոշումը միշտ պետք է կայացնել` հիմնելով նրա վրա, թե ինչն է ավելի լավ թիմի ու անձամբ խաղացողի համար:

«Ռեալի» հետ խաղում մենք կարծեցինք, որ ավելի լավ է Մեսսիին դաշտ դուրս բերել երկրորդ կեսում: Նա կարող էր վճռել խաղի ելքը: Ամեն անգամ, երբ Մեսսին ստանում էր գնդակը, այնպիսի տպավորություն էր, որ նա կարող է ինչ-որ բան ստեղծել մրցակցի դարպասին»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղը կկայանա փետրվարի 27-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում:

«Բարսելոնան» Իսպանիայի գործող գավաթակիրն է: Անցած տարվա եզրափակչում կատալոնացիները 5:0 հաշվով ջախջախել են «Սևիլիային»:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ